ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կազմակերպեց բաց դռների օր հիփոթեքային շուկայի մասնակիցների համար
29.09.2018
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կազմակերպեց բաց դռների օր հիփոթեքային շուկայի մասնակիցների համար
Առաջին անգամ հայաստանյան ֆինանսական շուկայում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կազմակերպել է բաց դռների օր հիփոթեքային շուկայի մասնակիցների համար: Միջոցառումը` «Հիփոթեքային երեկոն», տեղի ունեցավ նախօրեին` ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ «Զարգացում» մասնաճյուղում, հիփոթեքով հետաքրքրված անձանց, կառուցապատողների եւ անշարժ գույքի գործակալների և գնահատող ընկերությունների մասնակցությամբ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, «Հիփոթեքային երեկոն» հնարավորություն տվեց միավորել այս շուկայի մասնակիցներին` կառուցապատողներին, միջնորդ կազմակերպություններին, ինչպես նաև ձեռքբերողներին:
«Բանկն ունի ամբողջ գործիքակազմը հիփոթեքային ֆինանսավորման համար: Մենք իրականացնում ենք ֆինանսավորում ինչպես կառուցապատողից` առաջնային շուկայում, այնպես էլ երկրորդային շուկայից եւ վարկավորում ենք վերանորոգման աշխատանքները»,- ասաց գործադիր տնօրենը:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հիփոթեքային նոր պրոդուկտներից նշվեցին ֆիզիկական անձանց առանձնատների կառուցապատման, բիզնես տարածքների ձեռքբերման համար վարկատեսակները և արդեն իսկ մեծ պահանջարկ վայելող արտոնյալ ժամկետով վարկը: Բանկը նաեւ հնարավորություն է տալիս հիփոթեքային վարկի ժամկետի ընթացքում նույն պայմաններով օգտվել այլ սպառողական պրոդուկտներից: Լինելով հիփոթեքային շուկայի առաջամարտիկներից, բանկը պատրաստ է նաև յուրաքանչյուր հաճախորդի համար «ձեւել» համապատասխան ֆինանսավորում` անհատական մոտեցմամբ:«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը մշակույթ ձեւավորող է, եւ այս միջոցառումները կլինեն շարունակական, կանցկացվեն տարին 2 անգամ»,- նշեց Աշոտ Օսիպյանը:
«Հիփոթեքային երեկոյի» նպատակն է իրազեկել մարդկանց այն մասին, որ սա մի հարթակ է, որտեղ կարող եք գտնել ձեր երազանքների բնակարանը, իսկ մեզ հետաքրքիր է նաեւ նոր նախագծեր ներգրավելու առումով: Համոզված եմ, որ հետագայում այս հարթակը կարող է դառնալ էլեկտրոնային»,- ասաց գործադիր տնօրենը:
Նրա խոսքով, բանկը այս տարի նպատակադրել է հասցնել հիփոթեքային պորտֆելը մինչեւ 20 մլրդ դրամի. այսօրվա դրությամբ բանկի հիպոթեքային պորտֆելը անցել է արդեն 17 մլրդ դրամը, իսկ ընթացիկ վարկառուների թիվը հասնում է 1500-ի:
Միջոցառմանը մասնակցում էին մոտ 9 կառուցապատող եւ 15 միջնորդ կազմակերպություններ: